ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով աշխատանքից ազատել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա շեշտեց, որ մայիսի 1-ին արված լուսանկարը չի հրապարակել տվյալ աշխատակիցը, նրա ձեռքով չէ, որ այն հայտնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
«Ես շեշտում եմ այս դրվագը, քանի որ տվյալ աշխատակիցը պրոպագանդա չի արել՝ պահպանելով օրենքի պահանջը։ Լուսանկարն արվել է կիրակի՝ ոչ աշխատանքային օրը»,-ասաց նա։
Պատգամավորը հորդորեց Հայաստանի «ժողովրդավարությունը» գովացող ԵՄ դեսպանին, ԱՄՆ դեսպանին ուշադրություն դարձնել այս խնդրին։
Աշխատանքից ազատված Աննան ուղիղ եթերի ընթացքում Խամոյանի կողքին էր։ Աննան պատմեց, որ ծառայության աշխատակիցներից շատերը 2018-ին մասնակցել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիաներին, մինչդեռ որևէ մեկն աշխատանքից չի ազատվել։
Աննան նույն եթերում մանրամասնեց, որ իրեն հաջորդ օրը՝ երկուշաբթի ասել են՝ «Ձեր քթից բերելու ենք»։
Նրա խոսքով, հանձնարարել են խիստ հսկողություն սահմանել իր մուտք ու ելքին։
«Ես ղեկավար չեմ, ագիտացիայով չեմ զբաղվել, նկարը ես չեմ հրապարակել։ «Քաղծառայության մասին» օրենքի որևէ կետ չեմ խախտել։ Դրանից մեկ շաբաթ անց ինձ ասացին՝ ինձ հետ կնքած պայմանագիրը լուծարվում է»,-ասաց նա։