Ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով է կատարվում ծնողական իրավունքներից զրկելը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.
բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.
դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.
ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.
զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

Ծնողական իրավունքներից զրկելու կարգը


1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով։
Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի), ինչպես նաև այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության և հոգաբարձության մարմինների, որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների և այլնի) դիմումի հիման վրա, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները։
2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:
4. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։

Ծնողական իրավունքներից զրկելու հետևանքները
1. Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները)։
2. Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։
3. Երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծվում է դատական կարգով։
4. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում՝ ժառանգություն ստանալու իրավունքը):
5. Եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին, կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են, ապա նա հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։
6. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել