Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից:
Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:
Անկախ տեղեկության ստացման ձևից` ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործողը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնվում է լիազոր մարմնին` կառավարության սահմանած կարգով: