ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 6 զինծառայող մայիսի 26-ին կմեկնի Երուսաղեմ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ: Նրանց կուղեկցի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր բուժքույրը: Ուխտագնացները կծանոթանան Պատրիարքության հարուստ պատմությանը, հոգեւոր ժառանգությանը, ինչպես նաեւ կայցելեն Տերունական սրբավայրեր:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
«Հայրենիքին անսահման նվիրումով ծառայած մեր զինվորները մեր երկրի հիմնասյուներն են, նրանք են ամուր պահելու մեր պետականության հիմքերը: ՀՀ իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնման անխափան ընթացքն ապահովելու համար»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ուղղված նամակում: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Պատրիարքության եւ հանձնաժողովի միջեւ համագործակցությունը կնպաստի պատերազմի ընթացքում ծանր վիրավորումներ ստացած զինվորների ոգու ամրապնդմանը, նրանց կազդուրմանն ու վաղվա օրվա նկատմամբ վստահության վերականգնմանը: Այն նաեւ պարարտ հող կնախապատրաստի մեր ժողովրդի հոգեւոր նպատակների իրականացման ճանապարհին՝ Հայ եկեղեցու երեք հիմնասյուների՝ Մայր Աթոռի, Երուսաղեմի եւ Պոլսի Հայոց պատրիարքությունների միավորման համար:
Մայիսի 23-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Արփինե Դավոյանն ու Լուսինե Բադալյանը խորհրդարանում հանդիպել են առաջին ուխտագնացների հետ:
Նարեկ Զեյնալյանը, կարեւորելով ուխտագնացության գաղափարը, Երուսաղեմում հոգեւոր արժեքներին հաղորդակցվելը, տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Զինվորների կարծիքով՝ իրենք Երուսաղեմից կվերադառնան հավատքով ամրացած, ապրելու նոր ծրագրերով եւ գաղափարներով լեցուն: