Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմաբազան հարձակման է ենթարկվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնել է Al-Hadath հեռուստաալիքը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ հարձակումն իրականացվել է Զլիկան ճամբարի վրա, որը գտնվում է Մոսուլի մերձակայքում գտնվող Բաշիկ շրջանում (Նինուա նահանգի վարչական կենտրոն)։ Ռազմական օբյեկտի վրա հարձակվել են պայթուցիկներով լցոնված երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
Ով է կանգնած այս հարձակման հետևում, հայտնի չէ։ Ինչպես նշվել է, բազայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ օգտագործվել են ականապատ անօդաչու թռչող սարքեր։ Մեկ ամիս առաջ բազայի վրա վեց հրթիռ է արձակվել։ Երկու օր անց հարձակման է ենթարկվել Իրաքում գտնվող մեկ այլ թուրքական բազա, որը գտնվում է Էլ-Ամադիա գյուղի մոտ՝ Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա։ Հետո հաղորդվեց, որ արկերը խոցել են զինտեխնիկա, զոհեր չկան։
Նշենք, որ ապրիլի 18-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություն են սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ, որին ներգրավված են երկրի ռազմաօդային ուժերը և հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ գործողության առաջին փուլում դրված նպատակներն իրականացվել են։ Նա պարզաբանել է, որ թուրք զինվորականների միակ նպատակը ահաբեկիչների ոչնչացումն է։ Իրաքի ԱԳՆ-ն Անկարայի գործողություններն անվանել է անընդունելի և խաթարող Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը։