Նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է․ հրապարկվել են 5 բուհերի ամենապահանջված մասնագիտությունները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը այսօր՝ մայիսի 19-ին, մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները:

Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ է ներկայացրել 13573 դիմորդ, իսկ 2021 թ.-ին դիմել էին 13120-ը: Թիվը ներառում է նաև ներբուհական քննություն հանձնողներին:

«Ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Այդ բուհերն իրենք են կազմակերպում քննությունները, և դրանք միասնական չեն: Այդ դիմորդների թիվը ևս անցած տարվա համեմատ աճել է»,- իրազեկել է Կ. Նասիբյանը:

Հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին: Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով: Մնացյալ առարկաների համար դիմել են 1600 և պակաս դիմորդներ: Այս փուլի քննություններն անցկացվելու են հունիսի 7-ից 24-ը:

ԳԹԿ փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ավելացել է նաև բնագիտամաթեմատիկական առարկաներիցքննությ ուն հանձնողների թիվը: Ընդգծվել է «Ֆիզիկա» առարկայի դիմորդների թիվը՝ 1585:

Քննական կենտրոնների թիվը ևս ավելացել է. 2021 թ.-ին՝ 36 քննական կենտրոն է եղել, այս տարի 41-ն են. 14-ը՝ մայրաքաղաքում, 27-ը՝ մարզերում: Դրանք ավելացել են Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում:

Ասուլիսի ընթացքում բանախոսն առանձնացրել է 5 բուհերի ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել: Առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործն» է, երկրորդում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»
մասնագիտություններն են:

Կ. Նասիբյանը հայտնել է, որ տարբեր բուհերի շուրջ 160 մասնագիտություններում որևէ դիմորդ չի եղել: Նա մատնանշել է հատկապես Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա», Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտություն» մասնագիտությունները, ինչպես նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների՝ շվիի, սրինգի, տավիղի բաժինները: Դիմորդներ չկան նաև ջութակի և դիրիժորական բաժիններում:

Հունիսի 26-ից մեկնարկելու է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է:

«Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների ցանկը, և մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել՝ առանց քննության, և իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասել է Կարո Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենը նշել է, որ կնետրոնի աշխատակիցները շրջել են մարզերում և տնօրեններին բացատրել բուհ ընդունելության նոր կարգը, ըստ որի՝ առաջին փուլը մեկնարկում է հունվարին, երբ հայտագրվում են առարկաները, իսկ երկրորդ փուլը՝ հունիսին՝ հայտագրելու թե՛ առարկաները, թե՛ մասնագիտությունները:

Նշենք, որ եթե նախկինում հնարավոր էր ինչ-ինչ պատճառներով հունիսին քննությունը չհանձնել, ապա նոր կարգով նման բան հնարավոր չէ: Ամփոփելով ասուլիսը՝ Կարո Նասիբյանը ասել է, որ քննությունների ընթացքում իրականացվելու է խիստ վերահսկողություն, և կոչ է արել դիմորդներին կենտրոնանալ քննական հարցերի վրա և բացառել զարտուղի միջամտությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել