Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները` 2018թ. իշխանափոխությունից հետո. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ»-ն ուսումնասիրել է Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո։ 

Թեև 2018թ.-ի իշխանափոխությունից հետո հայտարարվեց «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, սակայն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանի հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման ոլորտում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել։ 

Այսպես՝

  • Արտոնություններ տրամադրվել են գործնականում նույն ընթացակարգերով և հաճախ՝ այն ընկերություններին, որոնց տրամադրվել է նախկինում։ Այսինքն՝ կոտրվում է այն թեզը, որ նախկինում հովանավորչություն էր, և արտոնություններ տրվում էին «ընտրյալ» կազմակերպություններին, իսկ ներկա իշխանությունները ավելի «արդար» են։ 
  • Գործընթացը հասարակության համար դարձել է ոչ թափանցիկ, պետական մարմինները շահագրգռված չեն հաշվետու լինելու։ Այսպես, արտոնություն ստացած ընկերությունների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժել են Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, պատճառաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են, սակայն նմանօրինակ տեղեկատվություն տրամադրել են ՊԵԿը և ՏԿԵՆը: Այսինքն՝ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված՝ համակարգված քայլեր չեն իրականացվում և թողնված են մարմինների հայեցողությանը։ Թափանցիկության բարձրացման անհրաժեշտությունը արձանագրված է նաև միջազգային դոնոր կազմակերպությունների առաջարկություններում։ 
  • Հարկ է նշել, որ նոր պահանջների պատճառով մաքսատուրքի ազատման արտոնություն կարող են ստանալ ավելի քիչ ընկերություններ։ Թե՛ ԱԱՀ հետաձգման, թե՛ մաքսատուրքի ազատման արտոնությունների համար ներկայացված ներդրումային ծրագրերի հայտարարված ցուցանիշները իրատեսական չեն։ 
  • Աշխատատեղերի արտոնությունից դեռևս ոչ մի ընկերություն չի օգտվել, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այն արդիականացնելու կամ վերացնելու ուղղությամբ։ 
  • Հայաստանում ստեղծված 5 ազատ տնտեսական գոտիներից ներկայումս գործում են միայն 2-ը։ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ» ԱՏԳն կառավարության որոշմամբ հիմնվել է, սակայն չի գործում։ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` լիազոր մարմինը ԱՏԳ կազմակերպչի հետ պետք է կնքի պայմանագիր և այն հրապարակի իր կայքում, իսկ ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման համաձայն՝ պայմանագիրը պետք է կնքվեր մինչև 2021 թվականի մայիսի 31-ը: Պայմանագիրը կնքված և հրապարակված չէ, այսինքն՝ ԱՏԳ ստեղծման և հետագա ընթացքի մասով արձանագրվել է օրենքի խախտում:  
  • «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱՏԳն փաստաթղթերով գոյություն ունի, սակայն գոտում այլևս չկան շահագործողներ։ «ՄԵՂՐԻ» ԱՏԳի ենթակառուցվածքները ստեղծվել են, աշխատելու համար մեկ շահագործող ստացել է թույլտվություն, սակայն արդեն 4 տարի է այն չի գործում։ 
  • «Ալյանս» ԱՏԳում իշխանափոխությունից հետո շահագործող է դարձել 6 ընկերություն, իսկ «ԷԿՈՍ» ԱՏԳում՝ 11 ընկերություն։ Այս ԱՏԳների գործունեության արդյունքները հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով։ Լիազոր պետական մարմինը հրաժարվում է տրամադրել իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի, արտադրության ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը։ 
  • Արդյունաբերական գոտիներ նույնպես Հայաստանում դեռևս ստեղծված չեն։ Կառավարությունը խոստանում է մինչև 2026թ. ստեղծել միանգամից 3-ը։ 
  • Դիլիջան համայնքում հարկային արտոնություն տրվել է միայն մեկ ծրագրի՝ 2018թ., որի շրջանակում փաստացի իրականացվել է ընդամենը շուրջ 900 մլն դրամի ներդրում՝ հայտարարված շուրջ 15 մլրդ դրամի փոխարեն։ 
  • Սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում է ցուցանիշների անկման միտում, ինչը խոսում է այդ համայնքներում գործարար ակտիվության կտրուկ նվազման մասին։ Օրինակ, 2021թ. արտոնված հարկերի գումարը կազմել է մոտ 143 մլն դրամ, իսկ ընկերությունների աշխատողների միջին թվաքանակը՝ 504, ինչը մոտ երկու անգամ ցածր է 2018թ. համապատասխան ցուցանիշից։
     
  • ՏՏ ոլորտի հարկային արտոնությունից իշխանափոխությունից հետո օգտվել է ավելի շատ ընկերություն, քան նախկինում, սակայն վերջիններիս գործունեության վերաբերյալ տվյալներ հասանելի չեն։ 

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Muw2jC ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել