Պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. երեք անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության  աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Միջադեպի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2021թ. հոկտեմբերի 7-ին «Հրազդան ԲԿ» և «Սևան ԲԿ» ՓԲ ընկերություններից, որոնցով տեղեկացվել է երեք երիտասարդների՝ «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիշյալ բուժհաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան, Վանաձոր և Ծաղկաձոր քաղաքների բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1999, 2000 և 1991թթ.:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջիններս նշված վնասվածքները ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո հրազենային վնասվածքներ ստացած երկու անձանց «Սևան ԲԿ» է տեղափոխել վերջիններիս ընկերը, ով, սակայն, փորձելով պարտակել հանցագործության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմնից թաքցրել է սույն հանգամանքը, ինչպես նաև՝ ավտոմեքենան, որով ընկերներին տեղափոխել է հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, ինչպես նաև՝ տարբեր տրամաչափերի պարկուճներ, գնդակներ, գնդակների բեկորներ, դանակ, բազմաթիվ արնանման հետքեր, հրազենային վնասվածքներ: Արնանման հետքեր են հայտնաբերվել նաև վերոհիշյալ ավտոմեքենայում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական, դատաձգաբանական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատապայթունատեխնիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ,   հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, անհատականացվել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդների գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ, համաձայն որոնց, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից երկուսը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ, իսկ երրորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի  1-ին մասով:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել զինված միջադեպին ևս մեկ անձի մասնակից լինելու վերաբերյալ, ով Հրազդան քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ է: Որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի  1-ին մասով որպես մեղադրյալ ներգարվելու վերաբերյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2022թ. մայիսի 16-ին վերջինս ինքնակամ ներկայացել է իրավապահներին և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

Ընկերներին հիվանդանոց տեղափոխած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել