Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերին Ոստիկանության հասարակական կարգի ապահովման ծառայությունների գործողություններին գնահատական տալու նպատակով ստիպված եմ կրկնել, որ քաղաքական իրավունքների իրացման սահմանն այլոց իրավունքներն են. քաղաքական իրավունքերի իրացմամբ չեն կարող վտանգվել հանրային անվտանգությունը, մեր քաղաքացիների իրավունքերն ու ազատությունները։
Ըստ ընդիմության լիդերների հայտարարության՝ այդ ակցիաների իրականացումը նպատակ է հետապնդում նաև պարալիզացնել բնականոն հանրային գործընթացները, ինչը հաստատվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում քաղաքական ակցիաների իրականացման եղանակներով։
Համավարակն ու պատերազմն ի զօրու չեղան պարալիզացնել մեր երկիրը, իսկ նրանք, ովքեր ջանում են դա անել, հաստատ հանդիպելու են օրենքի և օրինականության կոշտ արձագանքին։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման ծառայությունների գործողությունները գնահատում եմ իրավաչափ, հանդուժողական և արհեստավարժ։
Ոստիկանությունը ո՛չ միայն կարող է, այլև պարտավոր է պահպանել հասարակական կարգը՝ ապահովելով մարդկանց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի, երթևեկության, անվտանգության, և այլն։
Ոստիկանության գործողությունները դեռևս կոշտ չեն, և հույս ունեմ՝ այդքանով հանդերձ կկանխեն հետագա իրավախախտումները և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման դեպքերը»,- գրել է նա։