Ստացվել է արցախյան պատերազմի հերոս, 1-ին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ, փոխգնդապետ Վահագն Թումասյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ դիմումի պատասխանը: Նման դիմում Պետական վերահսկողական ծառայություն էր ներկայացրել «Զմեռ պապ» բարեգործական կազմակերպությունը, որը նաեւ ստորագրահավաք էր իրականացրել:
ՊՎԾ-ի պատասխանում նշվում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայություն 2022-ի ապրիլի 21-ին մուտքագրված ձեր դիմում կապակցությամբ փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի կոչմանն արժանացած Վահագն Թումասյանին «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում շնորհելու հասարակական պահանջին սատարելու խնդրանքի վերաբերյալ հայտնում ենք, որ Ծառայության ղեկավարի կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ՊՆ՝ մանրամասն ներկայացնելով Վահագն Թումասյանի անցած ուղին եւ հերոսական սխրանքները»:
Նշենք, որ փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ թշնամու հրթիռակոծության հետեւանքով, հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նա 2007-ին անցել է ծառայության ՀՀ Զինված ուժերում։ Սկզբում հատուկ նշանակության ջոկատում դիպուկահար է եղել, հետո նախընտրել է հետախուզությունը:
2021-ի հունվարի 28-ին ԵՊՀ-ում բացվել է Վահագն Թումասյանի անվան լսարանը: