Հայաստանի վարչապետի ելույթի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Նա նշել է, որ ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, անտեղի ու անհիմն են։
Անկասկած, հումանիտար հարցերը խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչն են, և այդ իսկ պատճառով Ադրբեջանն իր գործունեության մեջ միշտ առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով և նույնիսկ միակողմանի մարդասիրական քայլեր է կատարել 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում։ Սակայն հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ խաղաղության համար պետք է ոչ թե պարզապես խոսել, այլ գործել։
Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա։
«Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը: Իմիջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը կարևորեց, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել հորդորները Ադրբեջանին, որ մարդկանց քաղաքական առևտրի առարկա պետք չէ դարձնել:
«Պատերազմը շատերին է ողբերգություն բերել, բայց այդ բաց վերքի վրա անընդհատ աղ լցնելու մոտեցումը չեմ կարծում, թե տեղավորվում է այն արժեհամակարգի մեջ, որը հատուկ է 21-րդ դարին», – նշեց վարչապետը: