«Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլի էջերում է
«Այս օրերին աշխարհի առաջատար մամուլն ակտիվ լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ РИА Новости, The Guardian, BBC, Sputnik, Al Jazeera, РБК, АиФ, Reuters, France 24, Euronews, ABC News և բազում այլ լրատվականներ ու պարբերականներ գրում են այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների օրակարգին։ Նրանք տեսնում են մեր արդար պահանջը և տարածում այն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը չի համակերպվել պարտությանը, չի համակերպվել դավաճանությանը և կրկին պայքարում է արժանապատիվ ապրելու իր իրավունքի համար։
Միջազգային մամուլը նաև տեսնում է, թե ինչպես է իրեն ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած Նիկոլը պայքարում ժողովրդի կամքի դեմ։ Թե ինչպես է նա ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և թե ինչպես է փորձում պահել իր իշխանությունը։ Ամեն ինչ տեսանելի է և ամեն ինչ արձանագրվում է։
Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ հիշեցնում եմ՝ այսօր ժամը 12։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Գործ ունենք անելու»։