Նախագիծ. կսահմանվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը:

Օրենքում լրացումներ կատարելու նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը:

Հիմնական զեկուցող, մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Որոշակի հոդվածների առնչությամբ գործադիրն առաջարկել է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանել 2023 թ. և 2024 թ., որպեսզի համապատասխան մարմիններին հնարավորություն տրվի կազմակերպել և կյանքի կոչել բարեփոխման ամբողջ գործընթացը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնությունը, մի քանի դիտարկում է արել` հիմնականում խմբագրական բնույթի:

«Մենք ունենք ընկալում և համաձայնեցված ձևակերպում, որ ինֆորմալ կրթությունը վերաբերում է ուսումնառության գործընթացին, և սա արտացոլված է նախագծում: Հետևաբար, ունենք զուտ խմբագրական խնդիր, որպեսզի ինֆորմալի պարագայում ուսուցման փոխարեն կիրառվի ուսումնառություն բառը: Ինչ վերաբերում է ընդհանուր դիտարկումներին, դրանք երկուսն են: Առաջինը հետևյալն է` իրականացման մակարդակում օրենքը նախատեսում է բավականաչափ մեծածավալ գործողություններ, որոնք ռեսուրսների պլանավորման ժամանակացույցի կազմման և իրականացման մեխանիզմների իրատեսական նախագծման կարիք ունեն»,- շեշտել է փոխնախարարը: Այդ պատճառով, ըստ Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ է, որպեսզի իրականացման բուն գործընթացը մեկնարկի 2024 թվականից, ինչը հնարավորություն կտա բյուջետային պլանավորման գործընթաց անել և նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Նախարարի տեղակալը փաստել է՝ ավելի լուրջ և համակարգային խնդիր կա, որն ընդհանուր վերանայման կարիք ունի` կրթական համակարգի նոր տրամաբանության ներքո:

«Քանի որ ԿԳՄՍ նախարարությունը կրթության զարգացման պետական ծրագրի նախագծով առաջ է քաշել նաև կրթական օրենսդրության ընդհանուր վերանայման խնդիր և նույնիսկ կրթական օրենսգիրք ունենալու հարց, կարծում եմ, որ դրա շրջանակում կկարողանանք ավելի գլոբալ և արմատական վերանայումների գնալ` հասկացությունների մակարդակում դրանք համահունչ դարձնելով ժամանակակից միտումներին»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի ձևակերպմամբ՝ նախագիծը կարևոր է նաև գաղափարական իմաստով, և միակ հարցն այն է, որ պետք է մտածված աշխատանք տանել` կարևոր դրույթներն իրականություն դարձնելու համար, որին էլ ուղղված են ՀՀ կառավարության առաջարկները:

Նշենք, որ օրենքի նախագծով հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ինչպես նաև ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Դրույթներից մեկով սահմանվում է «ուսուցման ազգային ռեեստր» հասկացությունը, որը լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիթորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան է:

Սահմանվում է, որ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է:

Հանձնաժողովը քննարկման արդյունքում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել