Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Խոնարհվելով մեր բոլոր արյուն թափած, զոհված ազատամարտիկների, զինվորականների, սպաների, որդիների հիշատակի, շիրիմների առջև, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ պայքարն է փրկությունը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները ժողովրդին ներշնչում են, թե Թուրքիան և Ադրբեջանն ուժեղ են, ուստի պետք է ենթարկվենք նրանց․ «Այդպես չէ․ թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել։ Մենք պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»։
Նա հավելեց՝ մինչև պատերազմն էլ գործող իշխանություններն այսպիսի գործելաոճ էին բանեցնում, այնինչ այդ ժամանակ հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ երկիրը չներգրավել պատերազմում։ Պատերազմի ժամանակ էլ հնարավոր էր հաղթանակ տանել, եթե իշխանությունները քաոս չստեղծեին։
«Գնացեք հարցրեք իմ ծառայակից, մարտական, գաղափարական ընկերներին․ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվեինք։ Գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում կանգնեցնեինք նրանց։ Հնարավոր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատները մատներին չեն խփել՝ անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և Հայաստանի Հանրապետության թիկունքում կանգնեցնելու և վերախմբավորում իրականացնելու, հաղթելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։