Երևանի Կենտրոն վարչական շրջանում անհնազանդության ակցիաներ են ընթանում։
Փակ են մի շարք ճանապարհներ, ոստիկանները փորձում են բացել ճանապարհները, որոշ հատվածներում ստացվում է, որոշ փողոցներ փակ են մնում։
Ավտոճանապարհները փակվում են ոչ միայն մարդկանց կենդանի պատերով, այլև մեքենաներով։ Մի շարք հատվածներում մեքենաները հակառակ ուղղությամբ կանգնեցվել են փողոցներում, իսկ դրանցում վարորդներ չկան։
Նշենք, որ մեծ խաչմերուկներում ակցիաները համակարգում են Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ակցիայի վայրարից մեկից՝ Սայաթ-Նովա – Չարենց խաչմերուկից նշեց, որ անհնազանդության ակցիաների մասին զգուշացրել էին երեկ՝ մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ։
«Մենք շուրջօրյա խաղաղ ակցիաներ են սկսել Ֆրանսիայի հրապարակից։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին լինել մեզ հետ, որովհետև միայն համախմբման և ընդհանուր ուժերի մոբիլիզացման միջոցով կարող ենք հասնել ընդհանուր արդյունքի։
Ոստիկանությունը խոչընդոտում է մեր քաղաքացիների ազատ արտահայտմանն ու իրազեկման իրականացմանը և բավականին կոշտ միջոցներ իրականացնելով փորձում է դուրս բերել տվյալ հատվածից։ Ոստիկանությունը իրավիճակին լրիվ այլ մոտեցում է դրսևորում։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե ավելի շատ ոստիկանության ինքնագործունեություն է, այլ քաղաքական իջեցված պատվեր, որը, ցավոք, ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ կան նաև բերման ենթարկվածներ։