Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2008թ.-ի մարտի 1-ին Հայաստանում ` Երևանի հենց սրտում, ՀՀ քաղաքացին գնդակահարվեց իր սահմանադրական իրավունքների իրացման ու դրանց պաշտպանության համար։ Քաղաքից արյան հոտ էր գալիս, երկիրը նմանվել էր մեծ զնդանի։
Անցել են տարիներ, շատ բան է փոխվել ու հոսել, բայց մարտի 1-ի կազմակերպիչների ձեռագիրը նույնն է. սա է նրանց մնայուն արժեքը` խառնակչություն… ինչ արած, մարդ կա հենց սրա համար է աշխատավարձ ստանում։ Ցավով եմ նշում, բայց ՀՀ Սահմանադրական դատարանը փաստորեն այս առիթով արձանագրեց, որ 2008-ի մարտը 1 չի ունեցել: Բայց սրա մասին հետո։
Գաղտնիք չէ, որ ցեխաջուրը կարող է ու տարածվում է այնքան, քանի պատնեշի չի հանդիպել։ Իսկ պատնեշը ՀՀ քաղաքացին է, որ նախորդ տարի հունիսին այսօրվա քաղաքական շոումեններին, մեղմ ասած, չվստահեց ու չտվեց իր վստահության քվեն։ Իսկ վայ-ընդդիմադիրների միակ քաղաքական օրակարգը հերոսաբար զոհվեց Բաղրամյան պողոտայում տեղադրված խորովածի մանղալի կողքին։ Լավ, թող լինի պիցցայի տուփի։ Այս մարդիկ համառորեն չեն հասկանում, որ այլևս չեն աշխատում հին մեթոդները. քաղաքացու երեսին ժպտալ ու հետևից անվանել ժեխ ու մուրացիկ։ Հայաստանում իշխանությունը 2018-ից հետո ձևավորում է ՄԻԱՅՆ քաղաքացին` իր քվեով։ Միայն։
2008թ-ից հետո գարունն ու նրա առաջին օրը հավերժ կիսատ մնացին մեզանում։ Բայց 2022-ի մայիսի 1-ը ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ այսուհետ ՀՀ քաղաքացուց ոչ ոք չի խլելու, Հայաստանի սրտում այլևս երբեք ոչ մի խաղաղ ցուցարար չի սպանվելու։ Մենք սահմաններից ներս թշնամիներ չունենք։ Գուցե հրապարակի պատեհապաշտ ու արկածների մեծ սիրահար խումբն է դարձյալ շփոթվել, երբ գնդացիրները պետական սահման տանելու փոխարեն բերել- հասցրել է հրապարակ։ Իսկ ովքե՞ր են հրապարակում: Էլ բան մնացել է, որ չեն պղծել…
Սա է այսօրվա իշխանության ու այսօրվա ընդդիմության որակական ու արժեքաբանական տարբերությունը։ Ինչ որակի իշխանություն են եղել, այդպիսի էլ ընդդիմություն են։
Ասում են, թե գնալու են մինչև վերջ։
Իսկ ով է դեմ: Այո, դուք գնալու եք ու գնալու եք մինչև վերջ` մինչև վերջին գաստռոլյորը։
Հ․Գ․ … մեկը չկա հարցնի` որ լաոն զարթնի ու հարցնի ձեզ Էրգրի մասին, ինչ եք երգելու։ Բոլորս ենք ուզում “հասնել Սասուն ու մտնել Վան”, մնում է լաոյին արթնացնողներն ասեն, թե ոնց։ Դե քիչ էր էլի նախորդ 30 տարին։ Այդ ընթացքում իրենց սերունդների ունեցվածքի հարցը լուծեին, թե երկրի առջև ծառացած խնդիրները։ Մի քիչ ըմբռնումով մոտենալ է պետք, հիմա այդ ամենը պահպանել ու պաշտպանել է պետք։ Լաոյի դերն այստեղ արդեն այդքան էլ էական չէ, ավելին` այդքանով ավարտվում է։
Հա մի բան էլ, եթե բոցաշունչ քաղաքական տեքստերից հանենք էմոցիան ու պաթոսը, կմնան չոր փաստերը։ Փաստերն են, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Մնացածը քաղաքականություն է։
Շնորհավոր մայիսի 1 »,-գրել է նա։