«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորի խոսքով` այսօր հազարավոր մարդիկ թողել են իրենց առօրյա հոգսերը, կիրակին ու եկել Ֆրանսիայի հրապարակ, որովհետև իրենց միավորում է հայրենասիրությունը, տագնապալի իրավիճակից դուրս գալու վճռականությունը, արժանապատվությունն ու թասիբը:
«Մենք թույլ չենք տալու նոր խեղճ մշեցիների օտար երկրներով ման գալու պատմություններ: Մենք զարթնել ենք, ոտքի ենք կանգնել, հզորանալու ենք ու արարելու ենք մեր հայրենիքում, մեր Արցախում»,- ասաց նա:
Պատգամավորը՝ դիմելով քաղաքացիներին, ասաց, որ այսօրվա հանրահավաքը խաղաղության համար է և իրենք նոր պատերազմ ու զոհեր չեն ուզում:
«Մենք դուրս ենք եկել պայքարի իրական խաղաղության համար: Նիկոլ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր: Մենք էլ ասում ենք, որ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որպեսզի լինի իրական խաղաղություն»,- ասաց նա: