Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նախագահ Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի 3-րդ նախագահ, կուսակցության ղեկավար և ամենակարևորը ՀՀ քաղաքացի, այս մեկնարկած պայքարի կարևոր հիմնասյուններից մեկն է եղել և կմնա, որովհետև այս պայքարը մենք 2018-ից ենք սկսել: Այսօր մեկնարկում է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը: Այս պայքարը իսկապես ժողովրդական է և իշխանության համար չէ»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառանլով հանրահավաքի ժամանակ հնարավոր սադրանքներին, Աշոտյանն ասաց, որ ինքը Ֆրանսիայի հրապարակ է եկել իր ընտանիքի հետ:
«Այսօր ընտանիքի և սիրո օր է: Ես կարիք չունեմ մարդկանց հաճոյանալու համար ասել. 3 միլիոն վարչապետ եք, 3 միլիոն Հռոմի Պապ կամ էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Մենք նախ և առաջ 3 միլիոն հայ ենք այստեղ ապրում՝ քաղաքացիության իմաստով, հետո բոլոր վարչապետական պաշտոնները բոլորիդ ես ոչ մի ակնկալիք չունեմ:
Սադրանքների մասով ասեմ, որ եթե այսօր որևէ մեկի գլխից մի մազ պակասի, նույնիսկ իմ գլխին եզակի մնացած մազերից մեկը, Նիկոլ Փաշինյանն է պատասխան տալու»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: