Հայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերն արդեն հասել են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Մեծ վճռականությամբ, ոգևորությամբ և մարտական տրամադրվածությամբ մեր խմբերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի ժամը 16:00-ին միասին անցկացնենք մեր պատմական հանրահավաքը:
Իշխանությունը տեսնելով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների և ինֆորմացիոն տեռորի. լուրեր են տարածում, թե իբրև կան զինված խմբեր, տեղի են ունենալու անկարգություններ և նման միջոցներվ փորձում են մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցների 4 խումբ քայլերթով Երևան էր գալիս Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ: