Համոզված ենք, որ այսօր լինելու է ամենաբազմամարդ հանահավաքը, որն իրականացրել է ընդդիմությունը վերջին շրջանում: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Օրինապահ մարմիներըը հայտարարություններով են հանդես եկել, որ իբրև ցուցարարները անցնելու են օրենքի սահմանները և մեր խաղաղ ցույցերը վերածվելու են անկարգությունների, լինելու է կռիվ, կրակոցներ և այլն: Ուզում եմ Ձեզ հստակ ասել, որ մեր կողմից որևէ նման մտադրություն չկա»,- ասաց նա:
Վանեցյանը համոզված է, որ ժողովուրդն այսօր՝ ժամը 16:00 դուրս է գալու հանրահավաքի և փողոց դուրս եկող քաղաքացիների քանակն այնքան է լինելու, որ իրենք շատ արագ կարողանալու են հասնել իրենց առջև դրված առաջին նպատակին. ժողովրդի ճնշման ներքո իշխանությունների հրաժարականին:
Դիմելով ժողովրդին Ազգային ժողովի խմբակցության ղեկավարն ասաց.
«Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ չտրվեք սադրանքների: Մենք Հայաստանում հայերի հետ որևէ խնդիր չունենք: Հայը հայի դեմ չենք հանելու և պայքարում ենք անվտանգ երկիր ունելու համար: Որևէ պարագայում և որևէ դեպքում մենք սադրանքի չեն տրվում ու ապօրրինի գործողություն չենք անելու, բայց դա չի նշանակում, որ չենք լինելու վճռական: Մենք օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից: Մենք ապացուցելու ենք, որ շատ ենք, կանք և համաձայն չենք այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ»,- ասաց Վանեցյանը:
Պատգամավորը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դիմեց նաև իրավապահ համակարգի մարմիններին.
«Ուզում եմ դիմել ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: Պարոնայք գեներալներ, դիմում եմ Ձեզ որպես պահեստազորի գեներալ և իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու Ձեզ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Այն հանցագործությունների մասին է խոսքը, որոնց մասին դուք ազդարարել եք ձեր հայտարարություններում»,- ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ապրիլի 30-ին տարածած իր հաղորդագրության մեջ նշել էր, թե ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից։
Նշենք, որ ոստիկանությունը ևս հայտարարություն էր տարածել, որով հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորել էր զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: