Անցնում ենք վճռական պայքարի, որը շատ կարճ ժամանակ հետո բերելու է այս իշխանության հեռացմանը․ Իշխան Սաղաթելյան

2020 թվականի պատերազմից, պարտությունից ու կապիտուլացիայից հետո մեր բազմաթիվ հայրենակիցներ դուրս են եկել փողոց, դուրս են եկել պայքարի՝ երկրին պատերազմ ու պարտության բերած իշխանությանը հեռացնելու նպատակով․ այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Երկար պայքարի արդյունքում իշխանությունը ստիպված եղավ գնալ արտահերթ ընտրության, ցավոք ու դժբախտաբար կարողացավ վերարտադրվել։ Այդ ընտրություններին տվեցին երկու հիմնական խոստում՝ ասացին՝ երկրին բերելու են կայունություն,  անվտանգություն, խաղաղություն և բացելու են խաղաղության դարաշրջան։ 2-րդը խոսում են Արցախի ինքնորոշման մասին։ հունիսի 20-ին նրանք նորից խաբեցին։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը շատ պարզ ու հստակ հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման հարցում պետք է նշաձողը մի քիչ իջացնենք։ Դա ըստ էության նշանակում է Արցախն Ադրբեջանի կազմում լայն իրավունքներով և անվտանգության երաշխիքներով։ Սա մեզ համար անընդունելի է։

Մենք, որպես խորհրդարանական ընդդիմություն հայտարարեցինք, որ իջնում ենք փողոց, իջնում ենք փողոց մեր ժողովրդի ցասումը կազմակերպելու և սրանց օր առաջ հեռացնելու։ Գլխավոր հարցը, որ մենք այս մի շաբաթվա ընթացքում լուծել ենք, դա մեզ թշնամի երկու պետություններին, բարեկամ և ոչ բարեկամ երկրներին, միջազգային հանրությանը շատ հաստակ մեսիջ է ուղել մեր ժողովուրդը, որ Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու և սա մեր ժողովրդի և հանրության կողմիից անընդունելի է, եթե իրենց թվում է, որ հայ ժողովրդին այլևս հետաքրքիր չի արցախը և կարող են երկիրը տանել նոր ցնցումների և դա ևս մարսեն՝ անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ դա պարզապես հնարավոր չէ և դա չի ընդունում։ Ամենամեծ ձեռքբերումը եղել է դա։

Մեր խնդիրն է կազմակերպել մեր ժողովրդի ցասումը, կազմակերպել մեր ժողովրդի ընդվզումը և այն իշխանությունը, որը հետևողականորեն երկիրը տանում է դեպի կործանման, կասեցնել և օր առաջ հեռացնել։

Առաջին փուլը ես համարում եմ ամբողջությամբ իրականացված, և վաղվանից անցնում ենք վճռական պայքարի, շատ կարևոր փուլի մեկնարկի, որը շատ կարճ ժամանակ հետո բերելու է այս իշխանության հեռացմանը։ Կարճ ժամանակ հետո ժողովուրդը կասի՝ Նիկոլը մանդատ չունի և պետք է հեռանա։ Ինչպե՞ս ենք դա անելու՝ հանրային լայն, ժողովրդական ճնշման տակ։ Պրոցեսն արդեն սկսված է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել