Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնել է, թե երբ կհաջողի ընդդիմությունը։
«Պատասխանելով տարբեր կողմերից հաճախ տրվող հարցին՝ փոքրիկ քաղաքական լիկբեզ
Եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 քաղաքացի, ապա կհաջողի։
Եթե փողոցում կհավաքվի լեգիտիմ իշխանություն ձևավորած, իմա՝ գործող իշխանությանը ձայն տված քաղաքացիների չափ քաղաքացի և մեկ հոգի ավել, այսինքն՝ վերջին ընտրություններում ՔՊ-ին ձայն է տվել 687 251 հոգի, եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 հոգի, ապա տրամաբանական կլինի գնալ ընտրությունների։
Սա, պարզ, հստակ տրամաբանություն է․ հանեք փողոց 687 252 քաղաքացի և ստացեք արտահերթ ընտրություններ, թե չէ Քոչարյանի դաշինքին ու ՊՈՒ-ին միասին վերցրած ձայն է տվել 300 000-ից ավելի քաղաքացի, հիմա ամեն անգամ, երբ էս 300 000-ի 5%-ը՝ 15 000 մարդ, դուրս գա փողոց, դա պիտի լեգիտիմ իշխանության հեռացման հարց դառնա՞։ Իհարկե՝ ոչ։
2018-ին հեղափոխությունը կայացավ, քանի որ դրան ամբողջ երկրով մեկ մասնակցում էին միլիոնից ավել քաղաքացիներ, կամ գոնե առնվազն թվով շատ ավելի շատ քաղաքացիներ, քան ՀՀԿ-ի ձայների քանակն էր վերջին ընտրություններում»,-գրել է նա։