Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:
Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին: