Նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմն ունի թշնամու կողմից գրաված նոր գյուղեր, նոր զոհեր, նոր գերիներ։ Առաջին հերթին պետք է կասեցվի այդ միակողմանի զիջումների ընթացքը, պարտության անիվը պետք է կասեցվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ դրանից շատ աշխատանք ունի արվելու։ Առաջին հերթին պետք է վերականգնվեն հարաբերությունները արտաքին գործընկերների հետ։
«Պետք է անպայման խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և ռուսական խաղաղապահների հետ պետք է ունենանք հստակ պայմանավորվածություններ, որպեսզի նրանք այսօր ապահովեն Արցախի մնացյալ տարածքի անվտանգությունն ու այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը։
Սկսենք դիվանագիտական ճանապարհով աշխատել Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ, վերականգնենք մեր դիրքերը արտաքին համաշխարհային քաղաքականության մեջ, որովհետև 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեզ ցավոք սրտի որևէ մեկը չի աջակցում։ Բացի Ֆրանսիայից ու Ռուսաստանից որևէ աջակցություն Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը չի ունեցել։ Ուստի Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի օրակարգում, մենք որևէ պարագայում չենք համաձայնի, որ Արցախի հիմնահարցը փակված է, իսկ Ալիևը անընդհատ հայտարարում է, որ Արցախի հիմնահարցը փակված է և այլևս նման հարց չկա և Հայաստանից որևէ արձագանք մենք չենք տեսնում»,-ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի հետ մեկտնեղ շատ կարևոր է կարողանալ վերակագնել բանակը, քանի որ պատերազմից հետո անցել է մոտավորապես մեկ տարի և ութ ամիս, բայց բանակը վերականգնելու համար դեռևս բացի խոսքերից որևէ գործուն քայլ արված չէ։