Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է.
«Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Դա, անկասկած, նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում են ինքնորոշման իրենց իրավունքի համար, որոնց շարքում Արցախի բնիկ ժողովուրդը առաջնային դիրքերում է:
Ավելորդ է անգամ փաստարկներ բերել, թե տասնամյակների ընթացքում Արցախի հայությունն ինչպիսի ցեղասպան քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և մի շարք այլ գոյաբանական սպառնալիքներ, որոնց մասին են վկայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը:
Իսկ հիմա հռետորական հարցը՝ ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ: Չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չէր կատարում իր կանխարգելիչ պարտականությունները, ինչի հետևանքով տարբեր ժողովուրդներ ենթարկվում էին ցեղասպանության»,- գրել է նա: