Տարբեր խմբերի ապակենտրոն ցանցային պայքարը տվել է իր արդյունքները. Արթուր Վանեցյան

15 օր առաջ որևէ մեկը չէր մտածում, որ հայի ոգին արթնանալու է, «Լաոն» զարթնելու է և մենք իրար հետ կարողանալու ենք մարդկանց քնից արթնացնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մարդիկ արթնացել են: Տարբեր խմբերի ապակենտրոն ցանցային պայքարը տվել է իր արդյունքները: Մայիսի մեկին մենք բոլորս միավորվելու ենք մի գաղափարի շուրջ. մեր Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շուրջ: Այս ժողովրդին անհնար է կանգնեցնել: Մենք խաղաղ նպատակներով և առանց բռնության հասնելու ենք մեր նպատակին: Եթե հանկարծ որևէ մեկի քթից արյուն գա, ողջ պատասխանատվությունը կրելու է այս իշխանությունը»,- ասաց պատգամավորը:

Վերջինս վստահեցնում է, որ շատ քիչ է մնացել և կհասնեն իրենց պայքարի վերջնակետին:

Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում: Ըստ երթը ղեկավարող պատգամավորների՝ նման ակցիաները կշարունակվեն մինչև մայիսի մեկը, որից հետո տեղի կունենա հուժկու հանրահավաք:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել