Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է կիսամյակային արդյունքները

Երեկ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

Մինչ քննարկման մեկնարկը ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի տնօրեն և գիտական խորհրդի նախագահ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց Խորհրդի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին իրավագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում:

Հայրապետյանի խոսքով՝ սա գիտական խորհրդի գնահատականն է Ծառայության կատարած հետևողական աշխատանքին, որն, ի դեմս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, ուշադրություն է դարձնում ոչ միայն գործնական, այլ նաև տեսական և գիտական հարցերին:

Այնուհետև  օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ օրակարգի` ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

Զեկուցվել է, որ 2013 թ. առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 10 մլրդ  դրամի սահմանագիծը,  հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  51.447 -ի դիմաց:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 10.319.390.439 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված 7.123.852.314 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.250.682.094 դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 5.128.092.540 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 1.132.856.332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 10.382 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55.064, նախորդ տարվա 50.623-ի դիմաց:

Խորհրդակցության  ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն  կիսամյակի արդյունքների և միջազգային համագործակցության նոր հեռանկարների, այլև բացթողումների ու թերացումների վրա: Վերջիններիս առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել