«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմության կողմից իրականացվող բողոքի ակցիաներին․ «Փողոց դուրս գալու, թե չգալու անձնական պատասխանատվությունը․ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել հանրահավաքին»։
Այս մասին նա գրում է․
«Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է իշխանափոխություն, հետո՝ ինչ-որ անկապ ժամանակավոր կառավարություն, հետո՝ ընտրություններ։ Նպատակը՝ ընտրությունները կազմակերպեն իրենք, որովհետև ժողովրդավարական ընտրություններով իրենք չեն կարողանում իշխանության գալ: Իսկ թե իրենք ինչպիսի՞ ընտրություններ են կազմակերպում, բոլորս լավ հիշում ենք։ Հետևաբար՝ այս ընդդիմությունը հակաժողովրդավարական է, միանշանակ։ Իշխանափոխությունից հետո խոստանում են արժանապատիվ խաղաղություն։ Ինչպե՞ս, ո՞վ է բանակցելու ինչ-որ ժամանակավոր կառավարիչի հետ և որո՞նք են երաշխիքները, որ թշնամին չի օգտվի ՀՀ անկայուն իրավիճակից։ Նման երաշխիք կարող է տալ կամ Ադրբեջանը, կամ ՌԴ-ն։ Ադրբեջանը մեր թշնամին է, ՌԴ-ն, մեղմ ասած, մեր բարեկամը չէ, ապացույցը՝ լավրովյան պլանը, 44-օրյա պատերազմը իր հետագա գործընթացներով։ Ադրբեջանից երաշխիքներ ունենալը բացառում եմ, հետևաբար փողոց դուրս եկած ընդդիմությունը գործում է կամ Ռուսաստանին դուր գալու, կամ ՌԴ որոշ շրջանակների անմիջական երաշխավորությամբ, ապացույցը՝ Վանեցյանի Մոսկվա այցից անմիջապես հետո անսպասելի նստացույցը, Պուտինի ընկերների, աջակիցների և երկրպագու կուսակցությունների բարձր ակտիվությունը։
Հետևություն 2։ Այս ընդդիմությունը ուղղորդվող է և սպասարկում է ՀՀ-ին ոչ բարեկամ երկրի շահ։ Հեղափոխություն անում են, երբ հանրային տեսակետը հաշվի չի առնվում և ընտրողի քվեն կեղծվում է, ապացույց՝ Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո բողոքի ալիքները, երբ երկիրը թալանվում է, իսկ հանրությունը՝ կողոպտվում ու արհամարհվում։ Այսօրվա հեղափոխության կազմակերպիչները ՀՀ ամենահարուստ քաղաքացիներն են և ամենամեծ ցանկության դեպքում իսկ՝ իրենց կողոպտված, կամ հալածված համարելը անհնարին է։ Իրենք չեն առաջարկում ՀՀ քաղաքացուն ոչինչ՝ բացի իրենց իշխանության գալը: Իրենք չունեն առաջարկ ոչ Արցախի հիմնահարցով, ոչ արտաքին քաղաքականության, ոչ ժողովրդավարության, ոչ տնտեսության և ոչ էլ հոգևոր ու մշակութային խնդիրներով։ Հեղափոխության գնացող ընդդիմությունը չունի անգամ իր Նիկոլ Փաշինյանը, որ կպառկի ավտոբուսի տակ և կբարձրանա փշալարին։ Իրենք չունեն գործողին փոխարինող: Բավական է իրենցից որևէ մեկի անունը տան. ու՝ մասնակիցների թիվը կտրուկ կնվազի, համախոհ կուսակցությունները կդառնան թշնամի։ Վերջին օրերի գործընթացները ցույց են տալիս, որ իրենք չունեն նաև հանրային աջակցություն և գործում են նեղ կուսակցական և ազգակցական կլաններով։ Լավ, ենթադրենք՝ հավաքեցին 15-20000 մարդ, առավելագույնը՝ 40000, այդքան քարոզարշավի օրերին մի անգամ հավաքել են, բայց ակնհայտ է, չէ՞, որ հեղափոխության համար դա քիչ է: Անհրաժեշտ է 100-150000 մարդ և նպաստավոր ժամանակահատված՝ հանրության ակտիվությունը ու մասնակիցների թիվը ավելացնելու համար, ինչպես 2018-ի ապրիլի 24-ից առաջ ուներ Նիկոլ Փաշինյանը։ Վստահաբար սա հասկանում են հեղափոխության կազմակերպիչները, հետևաբար իրենց մնում է ագրեսիվ պահվածքով հեղափոխությունը վերածել ապստամբության, որպեսզի մեծացնեն լարումները: Դա շատ վտանգավոր է՝ զինված քաղաքացիական բախումների տեսակետից և արտաքին մարտահրավերների։ Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանական ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք նման պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնի և նման քայլի չեն գնա։
Հ.Գ. Նորից մի քիչ երկար ստացվեց հոդվածս, հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու իր պատասխանատվությունը սեփական խղճի և հայրենիքի առաջ։ Ես չեմ մասնակցելու ոչ միայն թվարկածս պատճառներով, այլև այն, որ այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը օրիգինալից միշտ շատ ավելի անորակ է և էժան»։