Երբ մի բան ֆիզիկապես գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա իշխանությունը խռխռացնելու վիճակում է․ Շարմազանով

Էականն այն է, որ հասարակությունը թմբիրից դուրս գա և գիտակցի, որ այս օրերին որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը․ այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ընդդիմության հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր խնդիրն է նման բողոքի, իրազեկման ակցիաներով ևս մեկ անգամ ցույց տալ, որ կամ այսօր, կամ երբեք։ Այսօր, որ ասում եմ՝ 24 ժամը նկատի չունեմ, և արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա։ Սա ինքն իրեն սպառած իշխանություն է, այս իշխանությունն իրեն սպառել է 2020թ-ի նոյեմբերի 9-ին։ Երբ մի բան ֆիզիկապես գոյություն չի ունենում, դեռ ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում են, իրենք չեն գիտակցում»,-ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա ընդդիմություն-իշխանություն պայքար չէ, որպեսզի ինչ-որ երկխոսության գնան, սահմանադրական բարեփոխումների հարց չէ, ներքին բարեփոխումների հարց չէ, որ նստեն ու քննարկեն, բանավեճի գնալու իմաստ չկա։

«Ում հետ բանավեճի գնամ, որ կանգնել ասում է՝ պատերազմը նույն ելքը կունենար, բայց առանց զոհերի՞, ու՞մ հետ գնամ բանավեճի, որ ասում է՝ պատերազմը կարող էի կանգնեցնել, բայց չեմ կանգնեցրե՞լ, ու՞մ հետ գնամ բանավեճի, որ խաբում, ասում է մինչև Շուշին չտայինք պատերազմը չէր կանգնելու՞։ Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում․ հոկտեմբերի 19-ին ես եմ իր հետ հանդիպել, իրեն ուղիղ հարց եմ տվել, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, քեզ ի՞նչ են առաջարկում պատերազմը կանգնեցնելու համար, ասել է՝ 5+2, Շուշիի անուն չի եղել։ Ու՞մ հետ բանավիճեմ, ում թիմակիցը կանգնում, ասում է՝ սխալ է մտածել, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի՞, այսինքն Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»,-ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ իշխանությունն իրավունք չունի խաղաղության մասին խոսելու, քանի որ դա նույնն է, ինչ Հիտլերը խոսեր քրիստոնեության մասին, Հիտլերն էլ էր ասում՝ իմ շարժումը քրիստոնեական է։ «Խաղաղությունից խոսում է մեկը, ով պատերազմ է բերել, ով պատերազմով մի ամբողջ սերունդ է ոչնչացրել, հազարավոր տղաներ, որ մի սերնդի ուղարկել է պատերազմի՝ շատ լավ իմանալով, որ արդեն պարտվել է։ Ես դա պաշտոնապես հայտարարում եմ։ 2020թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է արդեն, որ մենք պարտված ենք ու դա ինքն ասել է մեզ հետ հանդիպմանը, 20 մարդ է եղել, 100 անգամ սրա մասին խոսել եմ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել