Ոստիկանությունը հիմա ի վիճակի չէ պաշտպանել պատգամավորների սահմանադրական իրավունքը․ այս մասին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժանմունքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ում ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժանմունք:
«Այստեղ հավաքված որևէ քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները, որևէ կերպ չեն խոչընդոտում ներսում գտնվող՝ արդեն ձերբակալման որոշմամբ, մեր ընկերների տեղափոխությանը ժամանակավոր պահման վայրը: Սա ուզում եմ հստակ մատնանշել: Մենք տվյալ դեպքում հավաքվել և պահանջում ենք, որ պատգամավորները կարողանան օգտվել Սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից:
Այստեղ ոստիկանության այսքան ծառայող ուղղակի ոտնահարում է Սահմանադրությունը՝ ծայրից ծայր։ Պատգամավորը հիմա կարող է ոտքով հարվածելով դուռը բացել, քանի որ ներսում գտնվող ոստիկանը չի հարգում պատգամավորների իրավունքները: Մենք փորձելու ենք մինչև վերջ մեր իրավունքներն իրականացնել այստեղ»,- ասաց պատգամավորը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դաշնակցական երկու երիտասարդներ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել էին։
Փաստաբանը նաև նշել էր, որ նույն կասկածանքով ցանկանում են ձերբակալել նաև երրորդ երիտասարդին, ով ինքնակամ ներկայացել է: