Այսօր սահմանապահի օրն է` մեր բոլոր այն տղաների հավաքականության, ովքեր մշտապես թշնամու կրակագծի առաջ են, սակայն շնորհիվ մշտարթունության, զգոնության, զգաստության, երկրի սահմանները փորձում են պաշտպանել հնարավորինս անառիկ:
Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Բոլորս էլ հստակ գիտակցում ենք, որ անվտանգային տեսակետից այսօր բարդ ժամանակներ են Հայաստանի ու, մասնավորապես, Արցախ աշխարհի համար, սակայն պետք է տոկալ, քանզի թիկունքում եղած հայրենիքը չի՛ կարելի ու չպե՛տք է թողնել, որ վերածվի ռազմադաշտի: Հիշեք՝ այսօր մեր ամենամեծ կռիվն ու փորձությունն Արցախ աշխարհն է, Արցախ աշխարհի համար է: Ընդունեք որպես պատգամ ու Ձեր հոգու խորքում ամրագրեք որպես երդում՝ չի՛ կարող լինել թշնամու առջև ծնկած Արցախ, որովհետև խոնարհված Արցախը նշանակում է խոնարհված Հայաստան:
Սիրելի տղաներ, հայրենիքի նվիրական զինվորներ, Աստված պահապան Ձեր հայրենանվեր գործում: Թող Ձեր աչքը միշտ լինի սրատես, կորովն` անկասելի, առ հայրենիք սերը` անսակարկելի, ու թող Բարձրյալի հովանավոր աջը Ձեր կյանքի մշտուղեկիցը լինի»,-ասված է հայտարարության մեջ