«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը մանրամասներ է հաղորդել Դեբեդ գետն ընկած 2-ամյա երեխայի առողջական վիճակից։
«Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում:
Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնեցին․
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:
30-ամյա կինը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: