«Դրոշի մասին» օրենքն այսօր՝ ապրիլի 22-ին, ուժի մեջ է մտնում։ Օրենքով սահմանվում է, որ ՀՀ դրոշը մշտապես բարձրացվում է նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:
ՀՀ դրոշը Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:
Բացի այդ, լրացում է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Այսպիսով, ուժի մեջ մտնող օրենքով՝ Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձանց նկատմամբ՝ 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 70-100 հազար դրամի չափով:
Այսօրվանից դրոշի բարձրացման, իջեցման և փոխանցման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 70-100 հազար դրամի չափով:
Դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով:
Դրոշի ընդօրինակման արգելքը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով։