Խոշտանգման հանցակազմով գործերը կքննի քննչական կոմիտեն

Գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո խոշտանգման հանցակազմով գործերը կքննի ՀՀ քննչական կոմիտեն: Իսկ Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խոշտանգման դեպքերի քննությունն առաջարկվում է տալ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին: Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ապրիլի 21-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Փոխնախարարն ընդգծել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել է միայն տեխնիկական բնույթի փոփոխություն:

Նախագծերի փաթեթով կապահովվի խոշտանգումների եւ ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումն անկախ մարմնի կողմից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել