Հայտարարությամբ գծում ենք այն կարմիր գծերը, որոնք պետք է մշտապես լինեն ուղեցույց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում․ Էլինար Վարդանյան

«Որքան էլ մեր իշխանությունները փորձեն համոզել, որ նախապայմաններ չկան՝ իրականում Թուրքիան շարունակում է հետևողականորեն առաջ քաշել այլ նախապայմանները, որոնք պարբերաբար դրվել են Հայաստանի առջև»․ այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա ներկայացրեց այն կետերը, որոնք Ազգային ժողովում լսումների կայացման դեպքում պետք է նշվեին մշակված հայտարարության մեջ՝ ակնկալելով, որ տեսակետներ կհնչեն դրա վերաբերյալ։

«Հաշվի ենք առնում և որպես փաստ արձանագրում ենք այն իրավիճակը, որ գոյություն ունի Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում՝ արձանագրելով այդ ամենը, գծում ենք այն կարմիր գծերը, որոնք պետք է մշտապես լինեն ուղեցույց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում․

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով, որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։

Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն՝ նկատի ունենալով հետևյալ հիմնարար սկզբունքները․

1․ ՀՀ կողմից ձեռնարկվող քայլերը նախատեսվող պարտավորությունների ստանձնման և դրանց կատարման ուղղությամբ անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

2․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

3․ Առաջնորդվել Հայաստանի և Սփյուռքի միասնական կամքով ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։

4․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի։

5․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը։

Ինձ համար այս կետը թերևս այն առանցքայինն է, որի շուրջ ընդհանրապես պետք է ձևավորվեն ցանկացած հարաբերություններ։

6․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական և պանթուրքական ծրագրերի իրագործմանը։

7․ ՀՀ-ն միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»,-ներակայացրեց Էլինար Վարդանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել