Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Աբովյան համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը։
Iravaban.net-ը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջից տեղեկանում է՝ առաջարկվում է Աբովյան համայնքի տարածքում արգելել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա) տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում։
Առաջարկվում է նաև սահմանել, որ սահմանափակման ենթակա կարող են գտնվել կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 1000 մետր հեռավորության վրա:
Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից կատարված այն բոլոր գործողությունները, որոնք աղմուկ են առաջացնում և խանգարում են քաղաքացիների լիակատար հանգստությունը, այդ թվում անձնական գործողությունները, մեխանիկական միջոցներով և/կամ տեխնիկական միջոցներով կատարված գործողությունները, հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը, համարվում են լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողություններ։
Ըստ այդմ առաջարկվում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանել ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը։
Լռության կամ գիշերային անդորրն ապահովելու ավագանու սահմանած ժամերը խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ Երևանում նման կարգավորում գործում է վաղուց։