Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր։ Երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որի կետերից մեկը վերաբերում էր Երևանում հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրմանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Խաչատրյանն անդրադարձել է այս կետին՝ նշելով, որ Երևան քաղաքում հուշարձանների տեղադրումը կատարվում է ավագանու որոշմամբ՝ քվեարկության արդյունքում։
«Բա մենք գիտեինք դեմոկրատական պետություն ենք, որի գերագույն արժեքը քաղաքացին է, իսկ որոշում կայացնողները ընտրություններով մանդատ ստացած մարմիններն են, և իբր այլևս իրենց փոխարեն որոշում չի կարող կայացնել պետության ղեկավարը, առավել ևս` այլ պետության ղեկավարը:
Լավագույն դեպքում կարող էիք առաջարկ ներկայացնել Երևանի ավագանուն, մենք էլ կքննարկեինք, կքվեարկեինք ու… կմերժեինք»,-նշել է ավագանու անդամը։
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ ասվում է․
«Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության և առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը: Պայմանավորվեցին, հոբելյանի կապակցությամբ անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրումը Երևանում և մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջև միջմարդկային շփումները:
Որոշվեց նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»: