Կենտրոն վարչական շրջանում արդիականացվել է քաղաքացիների սպասարկման սրահը

Արդյունավետ և արագ սպասարկում, հարմարավետ պայմաններ. Կենտրոն վարչական շրջանում այսուհետ քաղաքացիներին ծառայություններ կմատուցվեն նոր մոտեցմամբ: Արդիականացված սպասարկման սրահի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ու Երևանի ավագանու անդամները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ըստ էության, այս հատվածը դեմքն է վարչական շրջանի, նաև ընդհանուր համայնքային իշխանության և, իհարկե, առաջին տպավորությունը քաղաքացին ձևից է ստանում ՝մինչև հասնի բովանդակությանը: Որքան էլ բովանդակությունը ճիշտ լինի, եթե պատշաճ ձևով կազմակերպված չէ՝ տպավորությունը լավը չի լինելու: Այդ առումով շատ կարևոր է»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Բազմաֆունկցիոնալ սպասարկումների սրահում եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից կատարվում է հարկերի և վճարների ընդունում, առևտրի և ծառայությունների բաժնի կողմից՝ թույլտվությունների տրամադրում, իսկ ընդհանուր բաժինը քաղաքացիներից ընդունում է դիմումներ և տրամադրում խորհրդատվություն: Սրահի կառուցվածքային փոփոխության շնորհիվ ավելացվել են բնակիչներին սպասարկող պատուհանները:

«Նպատակը հենց դա էլ եղել է, որպեսզի մեկ վայր մտնելուց հետո քաղաքացին իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանա: Երբ ստանձնեցի պաշտոնը և հասկացա, թե ինչ պայմաններում ենք մեր քաղաքացիներին սպասարկում, մասնավորապես, եկամուտների հավաքագրման ոլորտում, աչքերիս չհավատացի: Այն, ինչ նախկինում էր, ուղղակի հարիր չէր, մենք գործ ունեինք 60-ականների ԺԵԿ-ի հետ»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:

Հերթեր չգոյանացնելու և քաղաքացիներն էլ սենյակից սենյակ մտնելու անհրաժեշտությունից զերծ պահելու համար նորաբաց սրահում ներդրվել է նաև հերթագրման էլեկտրոնային համակարգ, որը տեղում փորձարկեց Երևանի փոխքաղաքապետը:

«Սա՝ որպես ենթակառուցվածք, համարում եմ շատ մեծ քայլ առաջ, մասնավորապես, հենց քաղաքապետարանի սպասարկման ոլորտում: Վարչական շրջաններն այն վայրն են, որտեղ մեր քաղաքացիները դիմում են, որպես առաջնային մարմին»,- ընդգծում է Ավետ Պողոսյանը:

Իր բազմագործառութային բնույթով և նորագույն լուծումներով Կենտրոնի սպասարկման սրահն առաջինն է Երևանում: Վարչական մյուս շրջաններում այս առումով միջոցներ արդեն ձեռնարկվում են: Քաղաքացիների գործն առավել հարմարավետ դարձնելու նպատակով համայնքը նախաձեռնել է նաև բնակիչներին մատուցվող ծառայությունների թվայնացնում: Համակարգային, բովանդակային, իրավական ու սպասարկման ոլորտում բարեփոխումների մեկնարկը տված է:

«Դա նշանակում է առնվազն երեք բան՝ արագություն, հարմարավետություն, նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Մենք գիտենք, որ նման խնդիրներից զերծ չի ոչ մի պետություն, և էլեկտրոնային գործիքների ներդրումը նաև այդ տեսանկյունից է շատ կարևոր»,- նշում է փոխքաղաքապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել