Կգտնվենք Ազատության հրապարակում այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ Հայաստանի և Արցախի անվտանգության. այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
«Մենք ասել ենք, որ սա կուսակցական խնդիր չէ, մեկ հոգու լուծելիք հարց չէ և միայն միասնական Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են իրար ուժ տալով այս հարցը լուծել: Մենք հենց դրա համար ենք այստեղ, որ ցանկացած քաղաքացու հետ խոսենք և ամենակարևորը՝ լսենք: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության ասաց, որ ինչ-որ երևակայական միջազգային հանրություն պահանջում է Արցախի ինքնորոշման նշաձողի իջեցում, ինչը նշանակում է՝ ընդունել Արցախի Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը, դրա մասին արդեն շատ ուղիղ խոսեցին պատգամավորները՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Մարիա Կարապետյան և այլ պատգամավորներ, կասկածի տակ դրեցին այն փաստը, որ 30 տարի ասել ենք, մարդիկ ասել են՝ Արցախը պետք է լինի ինքնիշխան, Ադրբեջանի կազմից դուրս»,-նշեց նա:
Սոս Հակոբյանի խոսքով՝ կամաց-կամաց Հայաստանը կվերածվի թուրքական լծի տակ գնտվող ինչ-որ տարածքի:
«Եթե դա է մեր երազանքը, դա է մեր նպատակը, մենք այս իշխանությունների ձեռամբ գնում ենք դրան»,-նշեց Սոս Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։
Մանրամասները՝ տեսանյութում: