Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր, նշվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունում։
«Այն շարունակեց ու վերահաստատեց.
1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը,
2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը,
3) Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։
Մինչդեռ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի տվել պետությունը կործանելու ու ցեղասպանին աջակցելու մանդատ։ Նա եղել ու մնում է հավատարիմ իր ինքնիշխանությանն ու համամարդկային արժեքներին։ Ուստի Արևմուտքն ի դեմս հայ ժողովրդի ունի դաշնակից, որն ակնկալում է նրա գործուն աջակցությունը։
Ըստ այդմ, օրեցօր ավելի ու ավելի հրատապ է դառնում Կրեմլի հրահանգներով գործող Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ու նրա կեղծ ընդդիմությունից երկիրն ազատելու և ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծելու խնդիրը։
Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին։
Պահը հասունանում է և պահը մոտ է»,-նշվում է հայտարարության մեջ։