ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին:
«Սա մի դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ և կոչված ենք միասին աշխատելու և գտնելու ավելի արդյունավետ մեխանիզմներ ու համագործակցության նոր ձևաչափեր: Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է ՄԿՈՒ ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շարունակական զարգացման խնդիրը, և այսօր այն փուլում ենք, երբ խոսում ենք կուտակված փորձի հիման վրա դրա ինստիտուցիոնալացման մասին»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում նախնական և միջին մասնագիտական կրթության մասին նոր օրենքի նախագծի շուրջ, որտեղ ամրագրվելու են դուալ կրթության կարգավորումները և կուտակած փորձառության հիման վրա համակարգի զարգացումը որակապես նոր մակարդակի բերելու հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարության ծրագրում ամրագրվել է նաև կարևոր թիրախ, որը սահմանում է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկման անհրաժեշտությունը՝ ընդհուպ մինչև մասնավորի կողմից և մասնավորի հետ կառավարման մոդելներ:
«Այս առումով մենք ունենք համատեղ գործակցության մեծ դաշտ: Փորձնական կարգով նման համագործակցության հնարավորություն կունենանք Տավուշի տարածաշրջանային քոլեջի շրջանակում, որտեղ ֆրանսիացի գործընկերների հետ ներկայում աշխատում ենք նոր տիպի գյուղատնտեսական կրթահամալիր ունենալու շուրջ: Մեր անելիքները նաև նոր մասնագիտությունների ներդրման, դրանց վերանայման և անհրաժեշտ կարողությունների ու հմտությունների ամրագրման շուրջ են, որոնք ուղղված են աշխատաշուկայի պահանջները բավարարելուն»,- շեշտել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ ՄԿՈՒ ոլորտն այս առումով ամենաառաջադեմ համակարգն է, որտեղ ամեն տարի նաև գործընկերների շնորհիվ իրականացվում է տնտեսության զարգացմանը համահունչ նոր մասնագիտությունների ներդրում:
Այս առումով Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը /GIZ/, որը դուալ կրթության ներդրման հարցում հանդիսանում է ԿԳՄՍ նախարարության վաղեմի և արդյունավետ գործընկերը: Նա ուրախությամբ փաստել է, որ դուալ կրթության պարագայում ՀՀ կրթական համակարգը փոխառել է հենց գերմանական փորձը, քանի որ ՄԿՈՒ համակարգը և դրա մոդելներն ու գործիքակազմը շատ զարգացած են Գերմանիայում: Նա հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ քննարկման արդյունքում կձևավորվեն հետագա համագործակցության նոր հնարավորություններ:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը՝ նշելով, որ Գերմանիայում դուալ համակարգն իրավամբ շատ զարգացած է: Նրա խոսքով՝ այդ համակարգն օգնել է հաղթահարել Գերմանիայի տնտեսության ճգնաժամերը և հիմք հանդիսացել դրա հետագա զարգացման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ հայ գործընկերներն օգտվում են հենց գերմանական փորձից՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության հետ հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնելով:
Քննարկմանն առցանց միացած «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելևն իր հերթին նշել է, որ դուալ համակարգը հաջողությամբ իրականացվում է ամբողջ աշխարհում և վերահաստատել է դեսպանի այն պնդումը, որ Գերմանիայում այն հաջող մոդել է ստեղծել: Թոմաս Շրապելևի խոսքով՝ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք բավականին առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ:
Մասնակիցներին ողջունել է նաև «Գերմանական տնտեսական միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը՝ նշելով, որ այս հանդիպումը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ իրականացվող արդեն երրորդ միջոցառումն է, որի ընթացքում քննարկվում են կրթության և աշխատաշուկայի զարգացման հարցերը:
Հանդիպման ընթացքում GIZ-ի TVET ծրագրի համակարգող Յուլիա Ստակյանը ներկայացրել է «Դուալ մասնագիտական կրթությունը և ուսուցումը աշխատուժի զարգացման համար», իսկ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը՝ «Դուալ ուսուցման ներդրումը ՄԿՈՒ համակարգում՝ որպես ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականության առաջնահերթություն» զեկույցները:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև աշխատաշուկայի պահանջի ու աշխատուժի պակասի համատեքստում ՄԿՈՒ ոլորտի շարունակականության ապահովման անհրաժեշտության հարցերին: