Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային շփումները խթանելու և համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:
Նախարար Օլգա Լյուբիմովան էլ բարձր է գնահատել Ռուսաստանում պարբերաբար կազմակերպվող հայ կատարողների ու համույթների ելույթները և կարևորել հանդիպման կայացումը հատկապես 2022 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թ. նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Նախարար Օ. Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը և նշել, որ երկու կողմերի կազմակերպիչները մշտապես ուղիղ կապի մեջ են միմյանց հետ՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:
Նախարար Վ. Դումանյանը կարևորել է երկու բարեկամական պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը և դրա նպատակով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի ստորագրումը, որը հստակ սահմանում է առաջիկա տարիների առանցքային ուղղությունները: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
Նախարար Օ. Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում հայ դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:
Նախարար Օլգա Լյուբիմովան նախարար Վահրամ Դումանյանին հրավիրել է հայաստանյան պատվիրակության հետ ներկա գտնվել ամենամյա Սանկտպետերբուրգյան միջազգային մշակութային համաժողովին և Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան կողմից կազմակերպվող երիտասարդ տաղանդների համերգային ծրագրին:
Նշենք՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:
Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում: