ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի ապրիլի 12-ի հայտարարության հետքով՝ Ձայն Լիբերթար Պահպանողական կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Պարոն Վարչապետ,
Հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի միգրացիոն քաղաքականություն, հասկանում ենք նաև, որ կադրերի սղության արդյունքում ՀՀ կարևոր պաշտոններում պատահական մարդիկ են հայտնվում, սակայն հայոց լեզվի, որպես պետական լեզու, նկատմամբ ոտնձգությունները համարում ենք անընդունելի։
Ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարար Պրն Վահրամ Դումանյանը և նրա աշխատակիցները չեն հասկանում, կամ չեն կարևորում իրենց դերը, որպես ՀՀ պաշտոնյաներ, ում առաքելությունն է ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և պետությանը՝ ԿԳՄՍ նախարարության ֆեյսքուկյան էջում հայտնված ապրիլի 12-ի հայտարարությունը դրա վառ ապացույցն էր։
Պետությունը երբևէ չի ադապտացնում իր կրթական պետական համակարգը՝ հարմարեցնելով այն օտարերկրյա միգրանտների չկարգավորված հոսքին։
Պետության դերը չէ դպրոցներ կամ դասաժամեր ստեղծել միգրանտների համար՝ նրանց մայրենի լեզուն մեր պետության տարածքում պահպանելու համար։
Պետությունն իր հարկատուների հաշվին չի ջանում պահպանել միգրանտների մշակույթը, այլ ռեսուրսներ է ներդնում, որ միգրանտներն իր պետության Պետական լեզուն սովորեն, հնարավորինս արագ։ Գրագետ կառավարման և գրագետ ծրագրերի պայմաններում դա ընդամենը մի քանի ամսվա հարց է, հատկապես դպրոցական տարիքի երեխաների համար։
Օտարալեզու դպրոցները ողջ աշխարհում ֆինանսավորվում են մասնավոր հիմնադրամների, համայնքներ միջոցներով, կամ միգրանտների պետության պետական ծրագրով, որը քաջալերում է իր երկրից հեռացածների ջանքերը իրենց լեզուն պահպանել։ Դա ընդունող երկրի խնիդրը չէ և չի կարող լինել։
Այս պարզ իրականությունը հաշվի առնելով համարում ենք բացարձակ անընդունելի ԿԳՄՍՆ նախաձեռնությունն ու առաջարկը՝ լրացուցիչ պետական միջոցներ հատկացնել ռուսաց լեզվի ուսուցման համար։ Ավելին, համարում ենք բացարձակ անբարո ՀՀ հարկատուի հաշվին որևէ այլ լեզվի, քան հայերենն է, պահպանման կամ զարգացմանն ուղղված որևէ պետական մասնակցություն։
Ռուսաց լեզուն արդեն իսկ ունի չափազանց անբնական առավելություն Հայաստանի կրթական համակարգում, ինչը բացի աշխարհաքաղաքական պարտադրանքից, կրթական, տրամաբանական կամ արժեքային այլ բացատրություն չունի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանից հանված բոլոր ռեոսուրսները պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության պահպանմանն ու զարգացմանը, և եթե Հայաստանի Հանրապետության որևէ նախարարություն պատրաստվում է իր միջոցները ներդնել այլ երկրի մշակութային պահպանման կամ զարգացման համար, հստակ կարող ենք արձանագրել, որ այդ նախարարությունն ու այդ նախարարը բնավ չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Ուստի ձեր կողմից սպասում ենք հստակ և կողմնորոշված արձագանք, նախընտրելի է այս նախարարի՝ Վահրամ Դումանյանի, հեռացումը Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարի կարևորագույն պաշտոնից, ակնհայտ ոչ կոմպետենտության համար, ինչը նաև դեղին քարտ կհանդիսանա ապապետական մտակերպով այն պաշտոնյաներին, ովքեր մինչ հիմա թյուրըմբռնում ունեն, թե Հայաստանի Հանրապետության հարկատուն ինչի համար է իրենց աշխատավարձ վճարում։
Համաշխարհային վերադասավորման այս ճակատագրական ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացին չի կարող իրեն թույլ տալ այստեսակ շքեղություն՝ իր սուղ միջոցները հատկացնել կասկածելի նպատակներով չինովնիկների, որոնց կողմից բերված ապապետական և կամավոր ստրկության մտակերպով նախաձեռնությունները սպասարկում են Հայաստանի Հանրապետության անէացմանը միտված ծրագրեր։
Լիահույս ենք, որ այս նամակը, որի բովանդակությունը արտացոլում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության տեսակետը, ձեր պատշաճ ուշադրությանը կարժանանա։
Հարգանքով՝
ՁԱՅՆ ԼՊԿ կառավարման խորհուրդ
Ա. Հայրապետյան
Ա. Գրիգորյան
Տ. Սայադյան
Խ. Բադեյան»,-նշվում է հայտարարությունում։