Ես տուն չեմ գնալու․ Արթուր Վանեցյան

«Ես այսօր որոշում կայացրեցի ու եկա Ազատության հրապարակ։ Եկա միայնակ՝ որևէ մեկի հետ չխոսելով, որևէ բան չկազմակերպելով։ Եկա հրապարակ, որովհետև հասկանում եմ՝ գտնվում ենք մի իրավիճակում, երբ հապաղելու ժամանակ չունենք, մենք, ցավոք սրտի, ուշացել ենք»,-Ազատության հրապարակում ոստիկանների կողմից բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ իր՝ Ազատության հրապարակ գալուց հետո բազմաթիվ մարդիկ են հավաքվել հրապարկում, շատերն էլ եկել են ու գնացել՝ հայտնելով իրենց աջակցությունը, զորակցությունը։

«Տեսնելով, թե ինչ քանակի ոստիկաններ են բերվել, որ ուժ կիրառեն խաղաղ բողոքի ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ, ես հասկանում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ժողովուրդ ջան, մենք չենք հանձնվելու»,-ասաց Վանեցյանը։

Նա ասաց, մարդիկ իրեն, ընդդիմադիր մյուս գործիչներին տեսնելով մի բան են ասում՝ մենք ուզում ենք գործողություն, անժամկետ բողոքի ակցիաներ։ Այսօր այդ գործողությունը սկսել է։ Ես տուն չեմ գնալու, ով մնում է, մնում է մեզ հետ»,-ասաց Վանեցյանը։

Նա ընդգծեց՝ իրենց պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է, հանուն Արցախում ապրող քաղաքացու, Սյունիքի, Տավուշի բնակչի։

«Մեր պայքարը հանուն մեր մեծ հայրենիքի է, այն հաջողություն է ունենալու, այլ տարբերակ չկա»,-ասաց Վանեցյանն ու կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրեց՝ տուն չի գնալու, ինչին հավաքվածներն արձագանքեցին՝ մենք էլ, մենք էլ։

«Կթողնեն վրանը դնեք, կմնանք վրանում, չեն թողնի վրանը դնենք, կմնանք փողոցում։ Մեր զինվորը, որ քնում է սահմանին, երկնքի տակ, իրենից լավը չենք, մենք էլ կմնանք բաց երկնքի տակ ու կշարունակենք մեր պայքարը»,-ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել