Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ ծրագրի նպատակը բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավումն է և քաղաքաշինական ներուժի իրացումը՝ բնակարանի/բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքներն ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորելու միջոցով: Վիճակագրական տվյալների համաձայն, ՀՀ-ում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որի շուրջ 80 տոկոսը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, և այդ ֆոնդի զգալի մասում սեփականաշնորհման գործընթացից ի վեր վերանորոգման աշխատանքներ, նաև էներգաարդյունավետության միջոցառումներ չեն իրականացվել: Դրանով պայմանավորված՝ տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները և դրանց կեսից ավելին կարելի է համարել էներգետիկ աղքատ: Խնդրին զուգահեռ, 2020-2022թթ. Քովիդ-19 համավարակով, 44-օրյա պատերազմով, ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող սահմանափակումներով պայմանավորված՝ արձանագրվում է քաղաքաշինության ոլորտի աշխատուժի սահմանափակ արտահոսք, և անհրաժեշտ է մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար հիմք ընդունել հետևյալ ցուցանիշները. վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանների համար՝ ոչ ավելի, քան 7 մլն դրամը, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով: Որոշման ընդունումից հետո մինչև 2022թ. մայիսի 20-ը կմշակվի իրականացման կարգ, որով կսահմանվեն ծրագրի պայմանները, ընթացակարգերը, շահառուներին ներկայացվող պահանջները, մշտադիտարկմանը և հաշվետվողականությանը վերաբերող պահանջները: Ծրագիրը կմեկնարկի Կառավարության կողմից դրա իրականացման կարգը հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո, աջակցության տրամադրումը կտարածվի այդ կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023թ. հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:
Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է այս ծրագրի հիմքում դրված տրամաբանությանը՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախագծի անունը մի քիչ երկար է, բայց կարճ անուն ունենք նաև՝ այն կոչում ենք «Բնակարանների ռենովացիայի ծրագիր» և հույս ունենք, որ սա կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Ինչո՞ւ: Բոլորդ գիտեք, որ նաև Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մեր մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց հսկայական մասն ուղղակի չի օգտագործվում վերջին 30-40 տարում, կախված հանգամանքներից՝ չի օգտագործվել: Եվ չնայած մարդիկ, ընտանիքներ ապրել են այդ տարածքներում, բայց բնակարանների զգալի մասը, ըստ էության, լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք, հետևյալն է. այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը, և աճել են գները: Երրորդը՝ հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ:
Մենք մտածել ենք գործարկել պետական ծրագիր, որի շրջանակում քաղաքացիներին առաջակում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի՝ վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար: Սա էլ կարևոր կոմպոնենտն է: Որովհետև այդ ներդրման դիմաց մենք ակնկալում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի: Ի՞նչ ենք ակնկալում, որ քաղաքացիներն այդ մեծ բնակարանների հետ անեն՝ ակնկալում ենք, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիներն այնտեղ, որտեղ պետք է, առանձին մուտք վարձեն, առանձին սանհանգույց ստեղծեն և այլն, որ իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան նաև վարձով տալ, տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել: Եվ, ի վերջո, ակնկալում ենք, որ եթե այս աշխատանքը մեր քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջացնի, կապահովենք նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, ովքեր այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի, և նրանց համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում:
Հաջորդ կարևոր կոմպոնենտը, որի մասին արժե խոսել: Պարոն Ղուլարյանն արդեն ասաց, որ ծրագրի ընթացքավորման կարգը դեռ պետք է մինչև մայիս մշակվի: Այստեղ նրբությունը հետևյալում է՝ շատ կարևոր է, որ ծրագիրն առավելագույնս բովանդակային լինի: Այս խնդրի պատասխանատվությունը, ըստ էության, ընկնում է բանկերի վրա, որպեսզի նրանք առավել ճշգրիտ շահառուին գտնեն, և ծրագիրը ճշգրիտ կազմված լինի, որպեսզի այս գումարները ծախսվեն նպատակային:
Կառավարությունն ասում է՝ մենք այս ծրագիրն անում ենք, բանկեր և քաղաքացիներ՝ իրար հետ աշխատեք: Ո՞րն է կառավարության դերը՝ մինչև 14 տոկոս այս վարկերի տոկոսադրույքները կառավարությունը սուբսիդավորում է, փակում է տոկոսները քաղաքացիների փոխարեն՝ կախված մարզերից, աշխարհագրությունից: Այսինքն՝ սուբսիդավորում է մինչև 0 տոկոս: Սահմանամերձ գյուղերում մենք սուբսիդավորում ենք, վարկը 0 տոկոս է լինում: Վարկի գումարը սահմանամերձ գյուղի բնակիչները փակում են, տոկոսները փակում է կառավարությունը. ոչ սահմանամերձ գյուղական համայնքների, բնակավայրերի համար իրենք 2 տոկոս կվճարեն, մնացած 12 տոկոսը կվճարի կառավարությունը, ոչ սահմանամերձ քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս կվճարեն, մնացած 11 տոկոսը կվճարի կառավարությունը, Երևան քաղաքում՝ 5 տոկոսը կվճարեն, մնացած 9 տոկոսը կվճարի կառավարությունը:
Շատ կարևոր է ծրագիրը ճշգրիտ, առավելագույնս բովանդակային իրականացնել: Էներգախնայողության ծրագիր ասելով ինչ նկատի ունենք՝ նկատի ունենք համապատասխան պատուհաններ, դռներ, օրինակ՝ մետաղապլաստե: Դրանով նաև համապատասխան արտադրություններին խթան ենք տալիս: Եթե որևէ տուն արդեն ունի մետաղապլաստե պատուհաններ, պատերի մեկուսացման մասին կարելի է խոսել, եթե դա էլ ունի, կարելի է խոսել արևային պանելների տեղադրման մասին և այլն: Այսինքն՝ ծրագիրը բազմաշերտ է, մենք խթանման քաղաքականություն ենք վարում և հույս ունենք, որ մեր քաղաքացիներն ակտիվություն կցուցաբերեն: Ընդ որում, մենք սահամանափակումներ չենք դնում. սա ծրագիր է բոլորի համար: Մյուս կողմից, ռիսկ կա, որ այս ծրագիրը կարող է այնքան մեծ մասշտաբներ ձեռք բերել, որ բյուջեի համար շատ մեծ ծանրաբեռնվածություն լինի: Դրա համար մենք որոշակի քվոտաներ ենք սահմանում՝ 1 տարի ժամկետով, և առաջին փուլում 10000 այդպիսի վարկ կտրամադրենք և կգնահատենք հետագա ընթացքը բանկային համակարգի հետ. եթե տեսնենք, որ 1 տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, ծրագիրը կարելի է դարձնել շարունակական: Ինչու՝ որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք, մեր բնակֆոնդի հսկայական մասը մաշված է: Հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և՛ բնակարանների, և՛ տնտեսության, և՛ փոքր բիզնեսի, և՛ աղքատության հաղթահարման գործում»:
Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացման գործընթացում բանկային համակարգի ակտիվ ներգրավվածությունը և Կենտրոնական բանկի նախագահի ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը զեկուցել է, որ նախատեսված ժամկետում շահագրգիռ գերատեսչությունները կշարունակեն ծրագրի լրամշակման աշխատանքները, և հաշվի առնելով միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կանաչ կլիմայի հիմնադրամի հետաքրքրվածությունը էներգետիկ աղքատության ցուցանիշի կրճատման հարցում, նրանք ևս կմասնակցեն գործընթացին: