ԿԿՀ-ն ձևավորվել է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը նախատեսված է եղել Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ։

Նախատեսված է եղել, որ Հանրապետության հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում առանցքային դերակատարում է հատկացվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Դրա անխափան գործունեության համար ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ սահմանվել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի հաստիքների քանակը 40 է: «Միաժամանակ Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության անհրաժեշտությունից ելնելով՝ ռազմավարության գործողության ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի աշխատակազմի հաստիքների քանակը պրոգրեսիվ կարգով աճելու է»,-ասված է ռազմավարությունում։

Հարկ է նշել, որ հաստիքներն ավելացվել են՝ հասնելով 55-ի։

«Ընդ որում, Հանձնաժողովի կազմավորման պահից գործելու են հայտարարագրերի վերլուծության և վարույթների և իրավական ապահովման վարչությունները: Մյուս մասնագիտական ստորաբաժանումները՝ անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչությունը, կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, մեթոդական աջակցության վարչությունը և բարեվարքության վերաբերյալ  ուսումնասիրությունների իրականացման վարչությունը, սկսելու են գործել 2020 թվականից»,-նշված է ռազմավարության մեջ։

Նշենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն Ն որոշմամբ 2021 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման մասին» հաշվետվության, սույն միջոցառման շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների ընդլայնմանն ուղղված օրենսդրական փաթեթն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2021 թվականի հունվարի 19-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել