Հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք աղքատության հաղթահարման գործում. Նիկոլ Փաշինյանը՝ ռենովացիայի ծրագրի մասին

«Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չեն օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունեն։ Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Երրորդը՝ հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-ից 30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգոխնայողության համար»,-այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին Կառավարության նիստի ժամանակ բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ակնկալում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի և գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումը իրեն կարդարացնի։

«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիները իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ, նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։

Նիլոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ քաղաքացիները ակտիվություն կցուցաբերեն և կմասնակցեն ծրագրին։ Վարչապետն ասաց, ր հնարավոր է այս ծրագիրը մեծ բեռ առաջացնի պետական բյուջեի վրա:

«Առաջին փուլով տաս հազար այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք։ Մեր բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է և մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և բնակարանների, և տնտեսության, և փոքր բիզնեսի, և աղքատության հաղթահարման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց, որ այս ծրագիրն իրականացվի հատկապես գյուղերում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց բնակարանի մի մասը վարձով տրամադրել:

«Հատկապես «Ֆրիլանս» աշխատողներ կան աշխարհում, ովքեր ցանկանում են հանգիստ մի տեղ նստել և ինտերնետով կատարել իրենց աշխատանքը»,-նշեց նա:

Նշենք, որ այդ ծրագրով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Սահմանամերձ բնակավայրերում վարկի տոկոսներն ամբողջովին սուբսիդավորվեն, ոչ սահմանամերձ գյուղերում կսուբսիդավորվեն այնքան, որ վարկատուի վրա կմնա երկու տոկոսը, քաղաքներում՝ 3 տոկոսը, իսկ Երեւանում 5 տոկոսը: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը վերցնելիք վարկերի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել