ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկությունը։
Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում:
Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում:
Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն եւ հանգեցնելու է Արցախի եւ Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը եւ տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։
Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է:
Առ այդ,
1. Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանիկողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ եւ առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում:
2. Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների եւ շահերի: Տոկուն եւ անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդա՛ր պայքարին։
3. Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»։