Արցախի մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը. Էդուրադ Աղաջանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուրադ Աղաջանյանն այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Արցախի գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ինքը որևէ բացատրություն չի կարողանում գտնել Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարության հիմքում:

«Ես կրկնում եմ, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում ուղղակի չի կարող լինել: Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը: Ձեր թույլտվությամբ ուզում եմ մեկնաբանել նաև վարչապետի ելույթից մի հավտած, որը վերաբերում էր հակառակ տրամաբանությանը, երբ առաջարկվում էր հարցին նայել առաջնահերթ արցախցիների իրավունքների իրացմանը՝ հետո կարգավիճակին: Ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի համար Արցախի հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել, այլ՝  արցախահայության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու խնդիր: Հետևաբար՝ մեզ համար կարգավիճակի հարցը եղել է միջոց այս իրավունքները իրացնելու համար: Ես կարծում եմ, որ այստեղ որևէ նորություն չկա և Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մշտապես եղել է անփոփոխ»,- ասաց Էդուրադ Աղաջանյանը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի համար «մեր» սահմանած նշաձողը՝ պատգամավորն ասաց, որ խոսքը գնում է այն նշաձողի մասին, որի արդյունքում կապահովվի Հայաստանի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում հայանպաստ լուծումը կդառնա ավելի հավանական:

«Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում ունեցել ենք որոշակի նշաձող, նաև դրանով պայմանավորված Հայաստանը այդ 30 տարիների ընթացքում եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, որի հետևանքները, կարծում եմ, բոլորս տեսանք նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Ժամանակն է հետևություն անել մեր սխալներից և շարժվել իրատեսական նկատառումներով: Այդ իրատեսական նկատառումներով է պայմանավորված, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի վրա լինելը՝ Արցախի հարցում, որովհետև սա չափազանց կարևոր պայման է, որպեսզի այս լուծվի առավել հայանպաստ ձևով»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել