Որդուն քարով խփելու համար կինը փողոցում ծեծել է 10-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. նրան մեղադրանք է առաջադրվել

Հասմիկ Ա.-ի իննամյա որդուն տասնամյա անչափահաս Ն. Մ.-ն քարով հարվածել է, ինչի հետևանքով տղայի ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ է եղել: Հասմիկ Ա.-ն անմիջապես հետո՝ 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը՝ 20։30֊ի սահմաններում փողոցում ծեծել է Ն. Մ.-ին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի մարտի 25-ին և մակագրվել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրի դատավոր Թաթուլ Պողոսյանին:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կինը ձեռքերով դիտավորությամբ 5-6 անգամ հարվածներ է հասցրել  Ն. Մ.-ի այտերին, քթին, կրծքավանդակի հետին մակերեսին, մեկ անգամ ոլորել է վերջինիս աջ ձեռքը, բռնել և սեղմել է աջ ձեռքի բազուկը: 10-ամյա տղային պատճառվել է դեմքի ձախ այտի շրջանի, քթի մեջքի, աջ բազկի, կրծքավանդակի աջ հետին մակերեսի արյունազեղումներ, առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել